Օրերս Տեսչական մարմնի կողմից փակված Գյուլբենկյան փողոցի լցակայանը շարունակում է բենզին վաճառել. տպում է նաև ՀԴՄ կտրոն
Օրերս Տեսչական մարմնի կողմից փակված Գյուլբենկյան փողոցի լցակայանը շարունակում է բենզին վաճառել. տպում է նաև ՀԴՄ կտրոն:
Tert.am-ի տրամադրության տակ ՀԴՄ կտրոն է հայտնվել, որն ապացուցում է, որ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկի բենզալցակայանը օգոստոսի 30-ին բենզին է վաճառել, մինչդեռ տեսչական մարմինն այն փակել էր օգոստոսի 22-ին։


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 22-ին դադարեցրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։
Մինչ այդ՝ սույն թվականի օգոստոսի 4-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին «հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»:
Թե ինչու է 1 շաբաթ առաջ փակված բենզալցակայանը բենզին վաճառում՝ պարզաբանումների համար դիմեցինք տեսչական մարմին, խոստացան պատասխանել օրվա ընթացքում։










