«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենթի գործընթաց է սկսել. Կոբախիձե
«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պաշտոնանկության (իմպիչմենթ) գործընթաց է սկսել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ։ Ինչպես գրում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին, պատճառը նախագահի կողմից Սահմանադրության կոպիտ խախտումն է։
Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, օգոստոսի 31-ին մեկնել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման՝ հաջակցություն Վրաստանին՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Իշխող կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, որ սա Սահմանադրության խախտում է, ինչը հանդիսանում է իմպիչմենտի երկու հիմնական պատճառներից մեկը։
«Ինչպես գիտեք, Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է Վրաստանի Սահմանադրությունը և մեկնարկել այցերի շարք արտասահմանյան երկրներ՝ առանց կառավարության համաձայնության։ Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ միայն Վրաստանի կառավարությունն է լիազորված է իրականացնել երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կոբախիձեն՝ շեշտելով, որ երկրի Սահմանադրությամբ միայն կառավարության համաձայնության դեպքում նախագահը կարող էր նման այցեր իրականացնել։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի Սահմանադրությունը նման խախտմանն արձագանքելու միայն մի արդյունավետ իրավական մեխանիզմ է նախատեսում՝ իմպիչմենթը։
«Վրացական երազանք»-ի նախագահը նաև հավելել է, որ իմպիչմենթի գործընթացի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն, և, համապատասխանաբար, առանց արմատական ընդդիմության ձայների պաշտոնանկություն հնարավոր չի լինի իրականացնել:
«Չնայած դրան, կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշեցինք Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել», - հավելել է նա։
Նշենք, որ նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ է խորհրդարանականների 2/3-ի համաձայնությունը։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի ընդամենը 84 մանդատ, մինչդեռ իմպիչմենթի համար անհրաժեշտ է 100 մանդատ։










