Որոշ քաղաքական ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի

13:46 • 01.09.23

Որոշ քաղաքական ուժեր հայտարարել են, որ այսօր քարոզարշավ չեն ունենա:

«Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն էլ իր ֆեյբուքյան էջում է կատարել գրառում, որ կուսակցությունը որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։

«Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,- նշված է գրառման մեջ:

Իսկ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր մտել, որտեղ ասել է, որ իրենց դաշինքը դադարեցնում է իրենց այսօրվա հանդիպումները Ավանի բնակիչների հետ, և իրենք թիմակիցներով ուղևորվում են Սոթք:

Այսօր քարոզարշավ չի անի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։

Հայ զինվորի կողքին ենք․․․»։

«Լուսավոր Հայաստան» կուսկցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իրենց կուսակցությունը ևս չեղարկել է այսօրվա քարոզարշավը:

«Ադրբեջանի նոր ագրեսիայի մասին տեղեկանալով վաղ առավոտից չեղարկել ենք բակային հանդիպումները։

Ուժ և կորով Հայոց Բանակին»,- նշված է գրառման մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունը լրատվամիջոցների հայտնել է, որ իրենք ևս չեղարկել են իրենց քարոզարշավը:

Որոշ քաղաքական ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի