Ես այս պահին դպրոցում եմ, սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավար
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, կրակոցները հեռվում են, գյուղն առօրյա կյանքով է ապրում։
«Ամեն ինչ կարգին է։ Ես այս պահին դպրոցում եմ, երեխաները ևս դպրոցում են, սեպտեմբերի 1-ն ենք նշում»,- հաղորդեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ավելի ուշ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:










