Սոթքում տեղի ունեցածը կապում եմ Արցախում ու ՀՀ-ի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի հետ, Ադբեջանն ասում է՝ մի շեղվեք մեր ուզածից․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ)

12:23 • 02.09.23

Ես արցախցիների կողքին եմ, իրենց կամք եմ ցանկանում, անպայման լինելու է այն օրը, որ արցախցին ինքն է լիովին տնօրինելու իր ցանկություններն ու ճակատագիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Արցախի անկախության օրվա առթիվ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Ինչ-որ մարդկանց արարքները չեն կարող ունենալ վճռորոշ կամ հիմնական ազդեցություն մի ժողովրդի վրա, որը դրան համակարծիք չէ»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառալով Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը։

Խոսելով երեկվանից Սոթքում պահպանվող սահմանային լարվածության մասին՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալն ասաց․

«Ես դա կապում եմ նրա հետ, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում ու ՀՀ-ի ներքաղաքական կյանքում։ Ցավոք սրտի, զոհեր ունեցանք, բայց մեր զինծառայողներն էլ ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել։ Ադրբեջանը սրանով փորձում էր ցույց տալ, որ մի փորձեք մեր ուզածից շեղվել, մենք ինչպես ուզում ենք, այդպես պետք է լինի ու ինչ թելադրում ենք, պետք է կատարեք։ Դա է, ես այլ հեռահար հարց այստեղ չեմ նկատում»։

Տիրան Խաչատրյանն անդրադարձավ նաև Աղդամով ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջարկին։

«Ի սկզբանե պարզ էր, որ Աղդամի ճանապարհի բացումն առաջին քայլն է Արցախն Ադբեջանի կազմում ինտեգրելուն ու այն, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական կերպով դեմ են արտահայտվում, ինձ համար շատ ուրախալի է, նրանք պարզ հասկացնել տվեցին, որ դեմ ենք այդ ինտեգրմանը»,- ասաց նա։

Խաչատրյանն անդրադարձավ նաև Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ընդգծելով, որ Հարությունյանը դա վաղուց պետք է աներ։

Հարցին՝ օրակարգային խնդիրներ լուծելու համար Հայաստանն ունի արդյոք ներուժ՝ ուժ կիրառելու, Տիրան Խաչատրյանը պնդեց, որ այո։

«Իհարկե ունի, այդ վախերն անհիմն արդարացումներ են, որոնք թույլ չեն տալիս պայքարել հանուն ավելի վեհ գաղափարների ու վաղվա օրվա»,- ասաց նա։

Սոթքում տեղի ունեցածը կապում եմ Արցախում ու ՀՀ-ի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի հետ, Ադբեջանն ասում է՝ մի շեղվեք մեր ուզածից․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ)