Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժն է պետք. Իշխան Սաղաթելյան
Այսօր մեր համասփյուռ հայ ժողովուրդը միջազգային հանրությանը, մեր բարեկամ դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է, որ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը, հայ ժողովրդի օրակարգը չէ: Հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակաել պայքարը իր հայրենիքի համար:
Այս մասին Արցախի անկացության առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սիրելի արցախցիներ, դուք այս օրերին ձեր զրկանքների և տառապանքի գնով բարձր եք պահում հայ ժողովրդի պատիվը: Դուք ձեր տոկունությամբ և համառությամբ գրում եք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը»,- ասել է նա:
Ըստ նրա այսօր յուրաքանչյուր արցախցի իր դիմադրությամբ պաշտպանում է Հայաստանի որևէ՛ գյուղ, որևէ՛ քաղաք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը:
«Շառլ Միշելը ասում է, եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը, վկայակոչելով նաև երեկվա Ադրբեջանի կողմից էսկալացիան կամ ագրեսիան:
Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, ստանալու բան ունենք, թշնամին գտնովում է Հայաստանի ինքնիշխան տարածքում հետևաբար հայ ժողովուրդը այլևս զիջելու բան չունի»,- ասել է նա:
Սաղաթելյանը նշեց, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար:
«Պետք է Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժը: Մեր բոլոր քայլերը և գործողությունները ուղղված է լինելու դրան: Ես մի բան կարող եմ ասել, ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ, ասում եմ մեկ բան, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու»,- ասաց նա:










