Անահիտ Ավանեսյանը խուսափում է պատասխանել՝ ինչ խախտումներ են արձանագրվել «Նատալի ֆարմ»-ում և ինչու է անվավեր ճանաչել իր իսկ հրամանը

14:14 • 04.09.23

Առողջապահության նախարարությունն այդպես էլ Tert.am-ի  գրավոր հարցմանն ի պատասխան ըստ էության չի պարզաբանել՝ ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը անվավեր ճանաչել իր իսկ հրամանը, որով, ըստ մեր տեղեկությունների, 1 մլրդ դրամի խախտում էր արձանագրվել «Նատալի ֆարմ»-ում և ի վերջո ինչ չափի խախտումներ են արձանագրվել։

Հստակ պատասխան չկա, թեև գրեթե նույն բովանդակությամբ արդեն երրորդ հարցումն ենք ուղարկել նախարարություն։

Նախարարությունից պատասխանել են, որ առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 1-ի թիվ 1365-Ա հրամանով առողջապահության նախարարության աշխատակիցները ներգրավվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարության նախատեսված ուսումնասիրություններին, այդ թվում՝  «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում, հետևաբար, ԱՆ նախարարի  2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա հրամանը ճանաչվել է անվավեր:

Առողջապահական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա հրամանով  «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացված ուսումնասիրության նախնական ամփոփ տեղեկատվությունը փոխանցվել է ՊՎԾ և ԱՆ-ն դեռ չի ստացել վերջնական տարբերակը:

No description available.

No description available.

Միաժամանակ հիշեցրել են, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ  «Աստղիկ» բժշկական կենտրոնում ԱՆ-ի կողմից ուսումնասիրություն չի կատարվել, ուսումնասիրություն իրականացվում է ՊՎԾ-ի հետ համատեղ՝ ըստ վարչապետի հանձնարարականի:

Հիշեցնենք, որ Tert.am-ը գրել էր, որ 2021 թվականին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում արձանագրված 1 մլրդ դրամի խախտումը 1,5 տարի որևէ ընթացք չի ստացել: Մեր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ից  հայտնել էին, որ վարչապետի կողմից առողջապահության նախարարին տրված հանձնարարականի հիման վրա Երևանի մի շարք բժշկական կենտրոններում այդ թվում՝  «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվել է ուսումնասիրություն, սակայն նաև ավելացրել էին, որ խախտումների և դրանց հնարավոր ֆինասական հետևանքների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելը նպատակահարմար չեն համարում:

Այնուհետև Tert.am-ին հաջողվել էր գտնել տարբեր ԲԿ-ներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանը՝ 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա, որն  ուղարկեցինք Առողջապահության նախարարություն և զարմանք հայտնեցինք, թե սա ինչ հրաման է, եթե նախորդ մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ուսումնասիրություն չի իրականացվել:

Այս անգամ ի պատասխան մեր հարցմանը Առողջապահության նախարարությունից  պատասխանեցին, որ պետական բյուջեի «Առողջապահություն»  բաժնի բյուջետային ծրագրի շրջանակներում 2020-2021 թվականների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք բժշկական հաստատություններում,  այդ թվում նաև  «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնում  ՊՎԾ-ի և ԱՆ-ի համատեղ ստեղծած հանձնաժողովների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ՝  Առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա հրամանի համաձայն։ Նախարարությունից նաև նշել են, որ վերոհիշյալ հրամանն անվավեր է ճանաչվել ԱՆ նախարարի 2022 թվականի մարտի 12-ի 1190-Ա հրամանով։

Այսպիսով,  ԱՆ-ն խուսափում է վերոնշյալ հարցին պատասխանել, այդպես էլ չպատասխանելով՝ ինչո՞ւ է  «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ից եկամուտ ստացող Անահիտ Ավանեսյանն անվավեր ճանաչել իր իսկ հրամանը, որով 1 մլրդ դրամի խախտում էր արձանագրվել «Նատալի ֆարմ»-ում:

Հավելենք  նաև, որ  Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը 50 տոկոս բաժնետեր է «Աբովյան 39» ՍՊԸ-ում։ Մինչև փոխնախարար նշանակվելը վերջինս հանդիսացել է  «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն, և հենց վերջինիս կողմից է կնքվել ընկերության տարածքը «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին վարձակալությամբ հանձնելու պայմանագիրը: Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովից տեղակացել է, որ Անահիտ Ավանեսյանը այդ գործարքից տարեկան ստացել է 11 մլն 249 հազ դրամ եկամուտ:

 

 

 

Անահիտ Ավանեսյանը խուսափում է պատասխանել՝ ինչ խախտումներ են արձանագրվել «Նատալի ֆարմ»-ում և ինչու է անվավեր ճանաչել իր իսկ հրամանը