Երևանցիները հասկանում են, որ մեզ հետ գալիս է պրոֆեսիոնալների թիմ, ովքեր ունեն բոլոր խնդիրների լուծումը․ Մանե Թանդիլյանը Ավան վարչական շրջանում է
«Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան վարչական համայնքում է։
Լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք ընտրություններին մասնակցող կուսակցություններից միակն են, որի օրակարգը և՛ քաղաքային է, և՛ քաղաքական։
«Սա քաղաքական ուժ է, որ ստեղծվել է 2021թ-ին և ժողովրդավարական գործընթացներում ՏԻՄ ընտրություններով իշխանափոխություն է անում ու որակ բերում համայնքային կառավարմանը։ Միևնույն ժամանակ Երևանի համար այնպիսի ծրագիր, ինչպիսին մենք ենք ներկայացնում, ոչ ոք չունի։ Սա քառաչափ մոդելի ծրագիր է՝ և՛ վարչական շրջանի, և՛ անձանց, և՛ ֆունկցիոնալ, և՛ երազանքի Երևանի։ Այս ամեն ինչը մենք պատմում ենք երևանցիներին ու տեսնում իրենց արձագանքը։ Երևանցիները հասկանում են, որ մեզ հետ գալիս է պրոֆեսիոնալների ու նվիրյալների թիմ, ովքեր ունեն Երևանին վերաբերող բոլոր խնդիրների լուծումը»,- ասաց Թանդիլյանը։
Անդրադառնալով Երևանում թափառող շներին վերաբերող խնդիրներին և հարցի վերաբերյալ երևանցիների արձագանքներին՝ Թանդիլյանը նշեց․
«Մարդիկ պարբերաբար ահազանգում են թափառող շների ու նրանց ագրեսիվ վարքագծի հետևանքով պատճառված վնասի մասին, մեզ համար միանշանակ է, որ այդ հարցը պետք է լուծվի կարճ ժամկետում, դրա համար նախատեսել ենք 2-3 տարի, որովհետև, եթե այդ հարցը լուծվում է երկարաժամկետ, ապա այն չի լուծվում, քանի որ նրանք շարունակում են բազմանալ, ընդ որում ստերջացումը որակով չի արվում։ Երկու տարվա ընթացքում թափառող շները պետք է հավաքվեն հանրային վայրերից ու բակերից, տարվեն կացարաններ։ Թափառող շների համար պետք է լինի կլինիկա, այսպիսի փորձ ունենք Դիլիջանում։ Բազմաթիվ լուծումներ ունենք որդեգրման մասով, Երևանը պետք է ազատվի թափառող շներից»։
Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում համատիրությունները չեն ծառայել իրենց հիմնական նպատակին ու ձախողել են իրենց աշխատանքը։
«Մենք վերացնելու ենք համատիրության վճարը, այդ աշխատանքը իրականացնելու է քաղաքապետրանը՝ թաղապետարանների միջոցով, դա և՛ արդյունավետ է, և՛ հասցեական։ Քաղաքապետարանը ունի այդ ադմինիստրատիվ ռեսուրսը, իսկ ֆինանսական միջոցների լուծումը կլինի հետևյալ կերպ՝ մեր կառավարության թեթև ձեռամբ ամեն տարի ավելի շատ գույքահարկ ենք վճարում, այդ միջոցները կուղղենք համատիրության խնդիրների լուծմանը ու մարդիկ կազատվեն հավելյալ ծախսից»,- նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։
Մանե Թանդիլյանը նշեց, որ արդեն եղել են Երևանի բոլոր վարչական շրջաններում և որ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը այս օրերին բարձրացել է։
«Ուրախ եմ արձանագրել, որ ֆեյսբուքահայաստանը տարբերվում է իրական Հայաստանից ու Երևանից, մարդիկ շատ ավելի բարեհամբույր են, ողջախոհ ու չեն տրվում հակաքարոզին։ Մարդիկ մեր ծրագրեր միջոցով կարողանալու են վերահսկել մեր աշխատանքը»,- ասաց Թանդիլյանը։
Ավան վարչական շրջանում Թանդիլյանը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, քննարկեց Երևանին վերաբերող մի շարք առանցքային հարցեր, լսեց առաջարկներ՝ առաջնային խնդիրների վերաբերյալ։










