Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի փոխանցած նոր առաջարկներին․ փոխվարչապետ

12:55 • 04.09.23

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- նշեց նա։

Անդրադառնալով ապաշրջափակման հարցին՝ փոխվարչապետն ընդգծեց, որ ապաշրջափակման հարցով ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի։

«Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց։ Ապաշրջափակումը կիրառական կլինի խաղաղության ֆոնին»,- կարևորեց Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական կողմի նոր առաջարկները։ Թե ինչ առաջարկներ են ներկայացվել, առայժմ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ արտաքին գերատեսչությունը չեն մանրամասնում։