Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին

15:17 • 04.09.23

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության սեպտեմբերի 4-ի նիստում կսկսի անհրաժեշտ ձայներ հավաքել Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով: Դրա պատճառն այն է, որ Զուրաբիշվիլին իր արտասահմանյան այցերը չի համաձայնեցրել կառավարության հետ։

Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է, որ ստորագրահավաքից հետո իշխող կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։

«Մենք որոշում ընդունեցինք իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու մասին: Կպատրաստվի 50 պատգամավորի ստորագրությամբ փաստաթուղթ, այնուհետև կդիմենք Սահմանադրական դատարան. դատարանը մեկ ամիս ժամանակ կունենա իրավական որոշում պատրաստելու և այն խորհրդարանին ներկայացնելու համար։ Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք գործ ունենք սահմանադրական խախտման հետ, ապա խորհրդարանում քվեարկություն կսկսվի: Ես հասկանում եմ ընդդիմության մեկնաբանությունները, որոնք չեն պլանավորում աջակցել իմփիչմենթին, բայց նրանք պետք է որոշում կայացնեն քվեարկության ժամանակ», - հայտարարել է Պապուաշվիլին:

 

Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին