Ալիևի օգնականը BBC-ին մեղադրել է «ստի քարոզչության», իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին՝ «ՀՀ կառավարությունից գումար ստանալու համար»

11:03 • 05.09.23

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր Հայաստանի կառավարության և հայկական լոբբիստական խմբերի պատվերով ապատեղեկատվության և շահարկումների նոր արշավ է սկսվել: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Ալիևի օգնականն անգամ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին մեղադրել է ՀՀ կառավարությունից գումար վերցնելու համար:

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (Անդերս ֆոգ Ռասմուսեն) չի հերքում, որ ՀՀ կառավարությունն իրեն վճարում է քարոզչական արշավի համար։ Կցված է եկամտի մասին հաշվետվության պատճենը: Որոշ քաղաքական գործիչներ կեղծավորությամբ աշխարհը բաժանում են «լավ և վատ անջատողականների ու հանցագործների»։ Հին սովորություններից դժվար է ձերբազատվել», - գրել է Հաջիևը:

Բացի այդ, իր գրառման մեջ նա անդրադարձել է նաև բրիտանական BBC-ին. «Մտահոգիչ է այն, որ BBC-ն իր կանոնադրության մեջ նշում է, որ «իր բոլոր հաղորդումներում ձգտում է հասնել պատշաճ անկողմնակալության»։

Սակայն, ըստ Ալիևի օգնականի, «BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ մանիպուլյացիայով և ստի քարոզչությամբ»։

«BBC-ն պետք է հարթակ ծառայի բոլոր կարծիքների համար, հատկապես զգայուն թեմաների շուրջ», - գրել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:

«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) առկա իրավիճակը։

Մամուլի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ անկախ Ադրբեջանի իրողություններին ներկայիս մոտեցումն անցանկալի է։ Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ Tert.am) ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»,- եզրափակել էր պետական կառույցը:ImageImage

Ալիևի օգնականը BBC-ին մեղադրել է «ստի քարոզչության», իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին՝ «ՀՀ կառավարությունից գումար ստանալու համար»