Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետև իրենց դիրքերը շատ թույլ են. Հայկ Մարության
Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետև իրենց դիրքերը շատ թույլ են, բայց ես հույս ունեմ, որ չեն կեղծելու: Խնդրանքս է միջազգային կազմակերպություններին և անկախ կազմակերպություններին մեծ մոնիտորինգ անեն
Այս մասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել»,- ասել է նա:
Ըստ Մարությանի իրենք ամեն տեղից լսում են, որ սկսվել է պետական հիմնարկներում քարոզ, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք և կլինի օբյեկտիվ ընտրություն:
«Իհարկե, այսքան կեղծիքներից հետո արդեն մտավախություն կա և ինձ մոտ, և իմ համակիրների, որ եթե իշխանությունը այսքան կեղծիքներ է անում, մենք տեսնում ենք, արդյոք արդեն պատրաստ են կեղծել ընտրությունները: Սա լրջագույնս հարց է:
Մենք մեծ մոնիտորինգ ենք անելու եւ խնդրանքս է միջազգային ու տեղական կազմակերպություններին, որ մոնիտորինգը ուժեղացնեն: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են»,-ասել է նա:










