Հռոմի ստատուտը ամբողջությամբ ուղարկված է խորհրդարան, առանց վերապահումների. Խանդանյան

15:54 • 07.09.23

Ինչպես գիտեք ստատուտը արդեն խորհրդարանում է, և կան ժամկետներ, որոնք պետք է հոսեն, այդ ընթացքում մենք կունենանք քննարկումներ խմբակցության մակարդակում, նաև հանձնաժողովում հարցը պետք է քննարկվի, բայց ես կարծում եմ, որ պետք է վավերացվի Հռոմի սատատուտը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

Ըստ նրա, այս պահին խորհրդարան ուղարկված տարբերակում չկան վերապահումներ, այսինքն ամբողջությամբ Հռոմի ստատուտը ուղարկված է խորհրդարան:

Հռոմի ստատուտը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն այն չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։

Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։

Միջազգային քրեական դատարանի թեման սկսվեց ակտիվ քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում մարտի 17-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման կարգադրություն է արձակել։

Հռոմի ստատուտը ամբողջությամբ ուղարկված է խորհրդարան, առանց վերապահումների. Խանդանյան