Այսքան գովազդեցինք, մուտքը տոմսով դարձրեք, որ համայնքը եկամուտ ունենա. Նիկոլ Փաշինյանն այցելել է հացի թանգարան (տեսանյութ)
Փանիկ բնակավայրում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում աշխատանքները մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարի։ Կատարվել է աշխատանքների 80%-ը: Ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, որի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա:
Այցի շրջանակներում Փաշինյանն այցելել է նաև Փանիկի թանգարան, ծանոթացել ցուցադրված նմուշներին։
«Շատ հետաքրքիր է։ Փանիկում հացի թանգարան կա, ժողովու՛րդ։ Անպայման այցելեք», - նշել է Փաշինյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք զբոսաշրջիկներն այցելում են թանգարան, իսկ դրական պատասխանից հետո հետաքրքրվեց՝ մուտքը տոմսով է, թե ոչ։
Դիտարկմանը, որ մուտքն անվճար է, Փաշինյանը պատասխանեց․
«Բայց ինչո՞ւ տոմսով չէ։ Հիմա այսքան գովազդ արեցինք, տոմսով դարձրեք, որ համայնքը եկամուտ ունենա։ Համայնքը պետք է եկամուտներն ավելացնի։ Տուրիզմի կոմիտեին պետք է ասել, որ զբաղվեն։ Սկզբում սիմվոլիկ, բայց հետո պետք է տոմսով դարձնել, որ զբոսաշրջիկներն էլ գան։ Ինչո՞ւ տոմսով չլինի»։
Մանրամասները` տեսանյութում:










