Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն» կկառուցվի

12:53 • 07.09.23

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։

Համապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար ։

Ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։

«Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշման հիմնավորումներում։

Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր կառուցվող համալիրում կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս։