ՆԱՏՕ-ն ապացույց չունի, որ Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչուի ընկելը կանխամտածված հարձակում է եղել. Ստոլտենբերգ

13:35 • 07.09.23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Ռումինիայում ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունը. խոսքն անօդաչուի այն մոդելի մասին է, որը Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի թիրախներին հարվածելու համար, գրում է kommersant.ru-ն։

Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ապացույցներ չունի, որ տեղի ունեցածը «Ռուսաստանի կողմից կանխամտածված հարձակում է»։

«Ռումինիայի իշխանությունները հաստատել են, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են։ Նրանք երեկ տեղեկացրել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հետաքննություն է ընթանում։ Մենք չունենք որևէ տեղեկություն, որը կարող է վկայել Ռուսաստանի կողմից կանխամտածված հարձակման մասին, մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստում։

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Ռումինիայի Տուլչա շրջանում անօդաչու թռչող սարքի մի քանի մասեր են հայտնաբերվել։ Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարը հաստատել է, որ անօդաչու սարքը որակվել է որպես ռուսական, սակայն ընդգծել է, որ հայտնաբերված տարրերը վտանգ չեն ներկայացնում։ 

ՆԱՏՕ-ն ապացույց չունի, որ Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչուի ընկելը կանխամտածված հարձակում է եղել. Ստոլտենբերգ