Փորձում են մեզ կոտրել, երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել․ Աստղիկ Գալեյան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը դեռ չի տեսակցել ամուսնուն՝ Գարիկ Գալեյանին, որը երեկ ձերբակալվել էր։
Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամուսնու ընկերներն են սնունդ և այլ անհրաժեշտ պարագներ են փոխանցել, Գարիկ Գալեյանին տեսակցել են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։
Աստղիկ Գալեյանի փոխանցմամբ՝ երեկ իրավապահ մարմինները խուզարկել են իրենց տունը։
Ըստ զոհվածի մոր՝ ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ չլեռու համար։
«Փորձում են մեզ կոտրել, երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել՝ ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել»,- ասաց Աստղիկ Գալեյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:
Դատարանի բակում նրա աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում: Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նրան։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:










