Երևանը վերադարձնում ենք մարդկանց, հետիոտներին․ Մանե Թանդիլյանը՝ «Երևան-Բուլվարի» և «Ֆրանսիայի հրապարակի» նախագծերի մասին (տեսանյութ)
Սա այն առաջարկներից է, որով ասում ենք Երևանը վերադարձնում ենք մարդկանց, հետիոտներին։
«Երևան-Բուլվարի» և «Ֆրանսիայի հրապարակի» մեգանախագծերը ներկայացնելիս ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Երևանը դառնում է այն քաղաքը, որտեղ քայլում ենք, զբոսնում ենք, վայելում ենք գլուխներս բարձր, այլ ոչ թե անընդհատ ոտքի տակ նայելով՝ շարժվելու տեղ չլինելու հանգամանքով պայմանավորված։
Սա նաև կանաչ գոտի է, կանաչ Երևանի մեր տեսլականի մի մասն է։ Այս 2 մեգանախագծերը փաթեթի մաս է, որի մասին ասում ենք, որ երևանցիները չեն կարող մեր առաջարկից հրաժարվել։ Երևանը լինելու է այսպիսի պուրակներով հագեցած քաղաք-այգի է, ինչպես դա ուզել էր կառուցել Թամանյանը։ Երևանցիներին խոստանում ենք թամանյանական դիմագիծը հնարավորինս վերադարձնելու ենք։ Թամանյանը նախագծել է Երևանի «թոքերը»»,-նշել է Թանդիլյանը։
Նա ասել է, որ աշխատելու են մասնավորի, պետության և համայնքի միջոցներով վերականգնելու են Նորքի, Սարալանջի, Դալմային այգիները և այս բոլորը պետք է լուծեն Երևանի օդի աղտոտվածության և կանաչ դարձնելու խնդիրները։
«Հաշվարկել ենք, որ այս նախագիծը նաև աշխատատեղեր է ստեղծելու, կառուցման ընթացքում մինչև 1000, հետագայում պահպանման համար 100-ից ավելի։ Նախատեսել ենք ժամկետներ՝ 3-4 տարում նախատեսում ենք ավարտին հասցնել»,-ասել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն, «Երևան Բուլվար» մեգանախագծով Կենտրոն վարչական շրջանի՝ հետիոտնին նախատեսված հատվածը վերադարձվելու է իրեն։ Մեգանախագծով առաջարկվում է գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին, Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին և Անգլիական այգին միավորել մեկ միասնական՝ Երևան բուլվարում, հարակից փողոցները դարձնել հետիոտնային, իսկ մեքենաների հոսքն ուղղորդել ստորգետնյա անցումներ։
Այս ամենի արդյունքում ձեւավորվելու է ուղիղ և անվտանգ կապ Հանրապետության Հրապարակից դեպի Ռուսաստանի Հրապարակ, ստեղծվելու են նաև լրացուցիչ ստորգետնյա կայանատեղիներ։
Իսկ «Ֆրանսիայի հրապարակի» նախագիծը հնարավորություն կտա Սարյանի և Կոնսերվատորիայի այգիները միացնել միմյանց, Սայաթ-Նովայի պողոտան անխոչընդոտ կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ առանց լուսացույցային կանգառի, իսկ Մաշտոցի պողոտան կունենա ևս մեկ ստորգետնյա թունել՝ ինչպիսին պողոտայի սկզբնամասում։










