Հայաստանին շատ մեծ պատիվ կբերի, երբ կարողանանք քաղաքացիներին տալ պատասխան՝ ինչու տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը և ովքեր են մեղավորները․ Նիկոլ Փաշինյան

13:45 • 09.09.23

Չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակողը կարող է կապ ունենալ հայ ժողովրդի հետ: Այս մասին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ։ Չեմ կարող հավատալ, որ որ հայկական հողի վրա քայլող որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել»,- նշեց վարչապետն՝ ընդգծելով, որ դա հանցագործություն էր Հայաստանի նկատմամբ։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին, իրավապահ համակարգին շատ մեծ պատիվ կբերի, երբ կարողանանք աներկբա ՀՀ քաղաքացիներին տալ կոնկրետ պատասխաններ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, թե ինչու ու ինչպես դա տեղի ունեցավ և ովքեր են մեղավորները:

«Շատերն են մեզնից ականկալում, որ այս հարցն ի վերջո պարզվի։ Ես հասկանում եմ, թե դա ինչ դժվար է, որվհետև մենք այսօր շատ հայտնի գործերի վերանայման ժամանակ տեսնում ենք այնպիսի երևույթ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապացույցները կեղծվել են։ Ամենաթարմ օրինակը Մարտի 1-ի գործն է։ Իմ ցանկությունն է, որ բացահայտենք Կարեն Դեմիրճյանի սպանությունը»,- հույս հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մոտ այսօր տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահը, Կարեն Դեմիրճյանի հարազատները և այլք։

Հայաստանին շատ մեծ պատիվ կբերի, երբ կարողանանք քաղաքացիներին տալ պատասխան՝ ինչու տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը և ովքեր են մեղավորները․ Նիկոլ Փաշինյան