Մեր իշխանությունները բացահայտ գիտակցում են, որ Ադրբեջանի կողմից լինելու է հերթական էսկալացիան․ Երվանդ Թարվերդյան
Այս պահին սովորական սահմանային լարվածություն չէ: Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ պատրաստվում է պատերազմական գործողություններ իրականացնել. զինտեխնիկայի քանակը, տեղաշարժը, և, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որ այն, ինչը Հայաստանը չի ցանկանում, մենք առանց նրա կիրականացնենք, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) մասին էր։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
Նա նաև նշեց, որ վարչապետի երեկվա հրատապ բոլոր քննարկումները, հեռախոսազրույցներն ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական մի շարք այլ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ պատահական չէր։
«Սա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները բացահայտ գիտակցում են, որ Ադրբեջանի կողմից լինելու է հերթական էսկալացիա՝ այս անգամ շատ լուրջ ռազմական գործողություններով։ Նաև Սուրեն Պապիկյանի Կիպրոս այցի չեղարկումը փաստ է, որ նախապատերազմական իրավիճակում ենք գտնվում»,- նշեց Թարվերդյանը:
Հարցին, թե տվյալ իրավիճակում ինչ կարող ենք սպասել Իրանից, նա պատասխանեց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, իմ տեղեկություններով, ծանր տեխնիկայով շուրջ 150 հազար թվաքանակով զորախումբ է այս պահին տեղակայել իրանաադրբեջանական սահմանին։
Իրանն անգամ չի էլ սպասելու ինչ-որ պետության հրավերի կամ խնդրանքի, և երեկվա Փաշինյանի և Իրանի ղեկավարի զրույցը, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ Իրանը զգուշացրել է, որ մենք ձեզ չենք հարցնելու, ու որևէ սահմանային փոփոխություն թույլ չտալը ուղիղ Իրանի շահերից է բխում»,- ասաց նա:
Ըստ Թարվերդյանի՝ Իրանը մինչև այսօր չի կարողանում պատկերացնել որևէ սահմանային փոփոխություն, քանի որ այսօր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի սահամանը ինքը դիտարկում է որպես ժամանակին իրենց հյուսիսային տարածքներ։
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է, որևէ պատերազմական գործողությունների, նա պատասխանեց․
«Իշխանությունները ժողովրդի հետ ոչ մի լուրջ աշխատանքներ չեն տանում պատերազմին պատրաստ լինելու համար, հատկապես բարոյահոգեբանական և համախմբան կոչեր չեն արվում:
Եթե վտանգ ենք տեսնում, ապա մեր ղեկավարը պարտավոր է քաղաքային խորհրդակցություններ անել, թե՛ քաղաքական ուժերի հետ, թե՛ հանրության հետ, որպեսզի Ադրբեջանի կողմից նոր ոճրագործություն թույլ չտանք։ Այս դեպքում բոլորը պետք է համախմբվեն, որպեսզի թույլ չտան հերթական ադրբեջանական ագրեսիան»,- եզրափակեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը:










