Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական բնագավառում
Խորհրդարանի վավերացմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Հարցը զեկուցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ այս համաձայնագրով սահմանվելու են Հայաստան- Չեխիա ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները։
«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,- նեկայացրեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին` Երևանում:










