Զրոներով կամ կրկնվող թվերով պատհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու. ՆԳ նախարարի տեղակալ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Նախագծի համաձայն Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող չափորոշիչները, իսկ ՆԳՆ-ն, իր հերթին, կսահմանի այս աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում խնդրեց այնպես անել, որ սա անհավասարության միջոց չդառնա:
«Սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց համարանիշների համար, ոչ պարզապես, այլ հասարակության այլ մանակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Ես խնդրում են ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնել, որպեսզի սա անհավասարության միջոց չդառնա»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանի ելույթին ի պատասխան Արփինե Սարգսյանը նշեց, որ զրոներով կամ կրկնվող թվերով պատհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:










