Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
Բավականին բարդ գործընթացների մեջ ենք գտնվում, և ոչ ոք չի ասել, որ խաղաղության հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Լրագրողների՝ Աղդամի ճանապարհին վերաբերվող հարցերին նա պատասխանել է, որ Աղդամի ճանապարհի հետ քննարկումները գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տիրույթում:
«Հայաստանը բացառապես Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ է ունենում իր քննարկումները:
Լաչինի միջանցքի վերաբերյալ առանձին կետ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, որի տակ ստորագչել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, իսկ Աղդամի ճանապարհի հետ կապված որևէ պայմանավորվածության և համաձայնության վերաբերյալ հարցերը պետք է ուղղել ԼՂ իշխանություններին»,- ասել է նա:
Արթուր Հովհաննիսյանը նաև նշել է, որ խաղաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ և երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:
«Մինչ այս պահը դեռևս չի հաջողվել մոտարկել մոտեցումներն այս առումով, փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին, բայց մինչև այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,- ասել է նա:










