Ավստրիայի նախկին ԱԳ նախարարը տեղափոխվել է ՌԴ. նրա պոնիները տեղափոխվել են ռուսական ռազմական ինքնաթիռով. The Guardian

16:30 • 14.09.23

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը, որը 2018 թվականին ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր հարսանիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պարելու պատճառով, տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ. ընդ որում, նախկին նախարարն իր հետ է վերցրել նաև իր պոնիներին, որոնք տեղափոխվել են ռուսական ռազմական ինքնաթիռով:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին իրեն չեզոք դրսևորող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլին ակտիվ քննադատել են Պուտինին հարսանիքին հրավիրելու և նրա հետ պարելու համար: 58-ամյա դիվանագետը հաջորդ տարի լքեց կառավարությունը։ Դրանից հետո Քնայսլը տեղափոխվել է Ֆրանսիա, ապա դրաձել Russia Today-ի սյունակագիր:

Իր թելեգրամյան գրառման մեջ նախկին ԱԳ նախարարը զարմանք է հայտնել, որ իր տեղափոխությունը Ռուսաստան «քաղաքականացվել է»: Նա մանրամասնել է, որ 2022 թվականի հունիսին Ֆրանսիայից «արտաքսվելուց» հետո իր «գրքերը, հագուստներն ու պոնիները Մարսելից Բեյրութ է տեղափոխել»։

Նշվում է, որ անցյալ շաբաթ Քնայսլի երկու պոնիները ռազմական ինքնաթիռով ուղարկվել են Սանկտ Պետերբուրգ՝ Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայից:

Հայտնի է, որ Քնայլսը պատրաստվում է ՌԴ-ում ուղեղային կենտրոն ստեղծել:

Ավստրիայի նախկին ԱԳ նախարարը տեղափոխվել է ՌԴ. նրա պոնիները տեղափոխվել են ռուսական ռազմական ինքնաթիռով. The Guardian