Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11,000-ի, անհետ կորածների թիվը՝ 20,000-ի (լուսանկարներ)

10:13 • 15.09.23

Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 հազարի, անհետ կորածների թիվը՝ 20 հազարի, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբիայի Կարմիր մահիկի տվյալներին։

Հաղորդվում է, որ ջրհեղեղը ծով է տարել մոտ 2 հազար դի։

Կազմակերպության տվյալներով՝ Դերնա քաղաքում ջրհեղեղը քաղաքացիական պատերազմից (2014–2020 թթ.) հետո քաղաքի արևելյան հատվածում մնացած պայթուցիկ զինամթերք է տեղափոխել քաղաքի այլ շրջաններ։

Լիբիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղի պատճառ է դարձել սեպտեմբերի 10-ին երկիրը պատուհասած «Դանիել» փոթորիկը: Ջրի տակ են անցել բազմաթիվ բնակելի շենքեր և հիվանդանոցներ։ Աղետից հիմնականում տուժել են ափամերձ Դերնա, Ջաբալ ալ-Ախդար և Բենղազի քաղաքները։