Առաջին սպորտ-մեդիա համագործակցությունը՝ հայկական սպորտում․ «To.SportFM»-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը (տեսանյութ)
Հայաստանում առաջին սպորտային ռադիոն՝ to.sport FM 96.3-ը, դարձել է ՆՈԱ ֆուտբոլային ակումբի հովանավորը։ Սա հայկական սպորտի պատմության մեջ առաջին սպորտ-մեդիա համագործակցությունն է, որի հիմքում սպորտի զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակներն ու գաղափարներն են։
««to.sport fm»-ը ու ՆՈԱ-ն առաջին իսկ օրվանից սպորտի հետ ու սպորտի կողքին են եղել։ Երկուսի գաղափարախոսությունն ու նպատակները նույնն են։ Մենք համադրելու ենք մեր ներուժը սպորտում՝ լավագույն արդյունք գրանցելու համար և շուտով կտեսնեք այդ համագործակցության արդյունքները։ Առհասարակ, ռադիոն շատ քիչ է անդրադառնում սպորտին, մենք գտել ենք մի գործընկեր, որի մտածմունքը միայն սպորտն է ու վստահ եմ, որ «to.sport fm»-ի պրոֆեսիոնալները միայն օգնելու են ճիշտ լուսաբանել այն, ինչ կատարվում է հայկական սպորտում»,- ասաց ՆՈԱ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արտակ Աշխատոյանը։
«to.sport fm»-ի համագործակցությունը նպատակ ունի ոչ միայն սատարել սպորտի զարգացմանը Հայաստանում, այլև խթանել առողջ ապրելակերպին, լսարանի համար ապահովելով հետաքրքիր ու չկրկնվող սպորտային եթերացանց։ Այս համագործակցությունը կոտրելու է նաև այն կարծրատիպը, որ մեդիան քիչ է անդրադառնում սպորտին։ Սա դառնալու է առաջին մեծ համագործակցությունը հայկական սպորտի պատմության մեջ։
««to.sport fm»-ը հիմնադրման օրից սպորտին ու առողջ ապրելակերպին սատարելը, հայկական սպորտի կողքին լինելը եղել է մեր սկզբունքներից մեկը ու այսօրվա համագործակցությունը վկայում է դրա մասին։ Հաճախ է խոսվում այն մասին, որ մեդիան շատ քիչ ուշադրություն է հատկացնում սպորտին ու այս համագործակցությունը լրացնելու է այդ բացը։ Այսուհետ ՆՈԱ-ի հետ միասին ենք բռնելու չեմպիոնական ալիքը ու համոզված եմ, որ այս ակումբի հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու»,- ընդգծում է «to.sport fm»-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը։
«to.sport fm»-ի հարթակում ներկայացվելու են մարզիկների հաջողության պատմությունները, հայտնի ու անհայտ դրվագներ նրանց կյանքից և ոչ միայն։ Ռադիոկայանն իր ոճի մեջ գրավիչ է ակտիվ կենսակերպ վարողների և պարզապես թարմ ու ճաշակով երաժշտություն նախընտրողների համար։ Եթերացանկում սպորտային իրադարձությունները լուսաբանող լուրերից բացի լինելու են նաև մարզիկների հետ բացառիկ հարցազրույցներ, բոլորովին նոր մեդիապրոդուկտ, սպորտային ժամանց և այլն։










