Ադրբեջանի ԶՈւ կողմից տեղաշարժերն ու կուտակումներ տագնապային տրամադրություններ են ստեղծել, Արցախի ՊԲ-ն հորդորում է չտարածել չստուգված տեղեկություններ

07:59 • 17.09.23

Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։

Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին», - նշված է հաղորդագրության մեջ։