Խնդիր է եղել ՀՀ քաղաքացիություն չունեցողների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված․ ԿԸՀ նախագահի տեղակալն ամփոփում է ստացված ահազանգերը
Այսօր ամբողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ում ձևավորված իրավիճակային վերլուծության կենտրոնն աշխատում է, հետևում է սոցիալական կայքերում հրապարակված տեղեկատվությանը, ինչպես նաև ԿԸՀ-ի կողմից հրապարակված այն հեռախոսահամարների ահազանգերին, որոնց միջոցով մենք ստանում ենք տեղեկատվություն կամ հաղորդումներ տեղամասերում տարբեր միջադեպերի վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը՝ ամփոփելով ԿԸՀ իրավիճակային կենտրոնից ստացված հիմնական ահազանգերը։
«Զարմանալի է՝ կայքերում նոր է հայտնվում, որ 475 տեղամասերից մեկը, որը թիվ 2 ընտրատարածքում է, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը մենք արձանագրել ենք առավոտյան, ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ։ Այդուհանդերձ, մի քանի րոպե ուշացումով բացման պատճառով որևէ ընտրողի քվեարկելու իրավունքի խախտման դեպք չի արձանագրվել։ Գիտեք, որ ԿԸՀ-ն հնարավորություն ունի բոլոր տեղամասերում տեղադրված տեսախցիկների օգնությամբ ոչ միայն հետևել ուղիղ հեռարձակմանը, այլև կարողանում ենք տեսնել, թե մինչ այդ պահը ինչ է տեղի ունեցել։ Այդ է պատճառը, որ հաստատում եմ՝ որևէ ընտրող այդ պահի դրությամբ տեղամասային կենտրոնում չի եղել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում այն ընտրողներից, որոնց անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է դեսպանատներում կամ վիզաների կենտրոնում։ Ըստ ԿՀԸ նախագահի տեղակալի՝ այս պարագայում ընտրողները հիմանակնում բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումներից, որովհետև իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։
«Առավոտյան բոլոր 475 տեղամասերում տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հաստատող տեղեկանքը, բայց քվեարկության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել և սարքն ընտրողին գրանցած է համարել։ ԿԸՀ-ն այդ թղթի գլանները ձեռք է բերել տարբեր ժամանակահատվածներում և կարծում ենք, որ խնդիրը կարող է դրանից լինել։ Մի քանի տեղերում էլ տեխնիկական սարքավորումներ են փոխարինվել այլ սարքավորումներով, քանի որ խնդիր է եղել անձը հաստատող փաստաթղթի ընթերցման հետ կապված։ Տեխնիկական սարքավորումներում հիմնական խնդիրը կապված է ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի հետ։ Դրանք շատ բազմատեսակ են ու քաղաքացիներ կան, որոնք կացության քարտ ունենալով հանդերձ՝ ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն ու լիազոր մարմինը նրանց էլեկտրոնային ցուցակներում ընդգրկել է ՀՀ քաղաքացու փաստթղթով, սակայն ընտրողը գալիս է կացության քարտով։ Մի քիչ նեղվում են ընտրողները, բայց նրանք պետք է ընտրեն այն փաստթղթով, որով ընդգրկված են ընտրողների էլեկտրոնային ցուցակներում։ Այնուհանդերձ, գրեթե չունենք դեպք, որ ընտրողները այս տեխնիկական խնդիրների պատճառով չիրացնեն իրենց ընտրելու իրավունքը»,- ասաց ԿՀԸ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։










