Վստահություն ունենք՝ հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն. Հայկ Մարության
Խնդրանքս է և հորդորս է երևանցիներին, որ անպայման մասնակցեն ավագանու ընտրություններին, որովհետև իրենք ընտրում են իրենց քաղաքի ապագան։
Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանության ընտրության ժամանակ միշտ էլ ընտրողների պասիվություն է նկատվել։
«Բնականաբար, քաղաքացիների մոտ կա «ապատիա», ներքին և արտաքին քաղաքական գործընթացներն ազդում են մարդկանց վրա։ Ես ասել եմ, որ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես քվեարկել եմ, որ հետ բերենք մեր հույսը»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։
Անդրադառնալով ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա կոշտ քննադատեց բանավեճին չմասնակցած քաղաքապետի թեկնածուներին, նա արձագանքեց.
«Թիկունքից հարվածը կլիներ այն, որ ես այդ ժամանակահատվածում, դուրս գայի թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից և հայտարարեի այդ մասին, բայց ես ներքին կարգով, միայն Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլևս մեր ճաապարհները չեն կարող լինել իրար հետ, դա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է։ Նշել եմ, որ այդ մասին ոչ մի դեպքում ոչ ոքի չեմ ասելու։ Ասել եմ նաև՝ դրա մասին, որպես կուսակցություն, դուք կհայտնեք, երբ իրավիճակը կհանդարտվի»,- մանրամասնեց նա։
Նախկին քաղաքապետը նաև հայտնեց, որ ինքը սկզբունքային տարաձայնություններ է ունեցել ՔՊ կուսակցության վերնախավի հետ, և այդ քայլին դիմել է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, խոսելով, քաղաքապետի թեկնածուների բանավեճին չմասնակցելը հայտարարել էր․
«Գիտեք բեմում միայնակ կանգնել վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ ժողովուրդ, սա հեղափոխության արժեք, ազատություն է: Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք ձեր ասելիքը։
Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»։
Հարցին՝ որքա՞ն է ինքը գնահատում իր՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը, Մարությանն ասաց.
«Հաղթանակի հավանականությունը ես ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում, ցավում եմ, որ մասնակցությունը դեռ այս պահին փոքր է: Ես կարծում եմ՝ օրս նոր է բացվում, դեռ 20:00-ն ժամանակ ունենք եւ երեւանցիները կկատարեն իրենց ընտրությունը»:
Հարցին՝ արդյո՞ք կուսակցությունը կոալիցիա կազմելու հավանականության մասին քննարկում ունեցել է, Մարությանն ասաց.
«Քանի որ մենք վստահություն ունենք, որ մենք հավաքելու ենք 50+1 ձայն, մենք այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել: Կսպասենք, մի քանի ժամ է մնացել»:










