ՄԻՊ-ը ուսումնասիրում է մանկապարտեզի աշխատակիցների՝ սաների հանդեպ վատ վերաբերմունքի մասին ահազանգը

09:46 • 17.09.23

Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն`ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

ՄԻՊ-ը ուսումնասիրում է մանկապարտեզի աշխատակիցների՝ սաների հանդեպ վատ վերաբերմունքի մասին ահազանգը