2018-ի համեմատ՝ հանցագործության մասին հաղորդումների պասիվություն է նկատվել․ ոստիկանության շտաբի պետը տվյալներ է ներկայացնում
Ընտրությունների օրը 08։00-ից մինչև 20։00-ն ոստիկանությունում ստացվել է 30 հաղորդում, որոնցից 3-ը՝ հանցագործության վերաբերյալ։ Դրանք ուղարկվել են Քննչական կոմիտե։ Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
«Մնացած 27 հաղորդագրությունները հանցագործության առերևույթ հատկանիշներ չպարունակող տեղեկություններ են, որոնք ստուգվում են ոստիկանության կողմից»,- ասաց նա։
Հարցին՝ տեղեկություն ստացել է արդյո՞ք ոստիկանությունն այն մասին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քրեական հեղինակություն ունեցող անձանց կողմից ուղղորդումներ են եղել քաղաքացիների շրջանում, ոստիկանության շտաբի պետն ասաց․ «Օրվա առաջին կեսին նման տեղեկություն էր շրջանառվում, դրանից անմիջապես հետո ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, բայց հանցագործության մասին առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկություններ չեն պազվել»։
Համեմատելով այս ընտրության ժամանակ ստացված հաղորդումները նախորդ՝ 2018թ-ին տեղի ունեցած ավագանու ընտրության ժամանակ ստացված հաղորդումների հետ, Մկրտչյանն ասաց․ «Կարելի է փաստել, որ հաղորդումների ստացման, իրավախատումների մասով նկատվում է որոշակի պասիվություն նախորդ ընտրությունների նկատմամբ»։










