Երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում․ ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը.
1. երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,
2. այս փուլում կարևոր է հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որեւէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցում հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնելը,
3. շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քվեով արձանագրեցին իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամը:
Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը։










