«Հանրապետություն» կուսակցությունը դեռ չի որոշել կոալիցիա կկազմի իշխանության, թե ընդդիմության հետ

14:16 • 18.09.23

«Հանրապետություն» կուսակցությունում դեռ չեն որոշել կոալիցիա կկազմեն իշխանության, թե ընդդիմության հետ։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հնարավոր կոալիցիա կազմելու որոշում չունեն, քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար, չի կարող ասել՝ ՔՊ-ի հետ կմիավորվե՞ն, թե՝ ոչ։

Հարցին, թե արդյոք բացառո՞ւմ են, որ կոալիցիա կկազմեն ընդդիմության հետ, Անի Խաչատրյանը պատասխանեց․

«Երբ քաղաքական խորհրդի նիստ լինի, այդ ժամանակ էլ հնարավորների և անհնարիների մասին կմիանանք», - հավելեց նա։

Անի Խաչատրյանն ավագանու ընտրությունների նման պատկեր չէր սպասում, նա այլ ակնկալիքներ ուներ։

«Վստահ էի՝ երևանցին այնքան գիտակից է, որ գնալու և ընտրելու է 14 ուժերից ամենաարժանիին և ամենահարուստ կենսագրություն ունեցող թեկնածուին, և մենք չէինք ունենալու կոալիցիա կազմելու քննարկում, քանի որ ունենք այն, ինչ ունենք, մեր քաղաքական խորհրդի նիստում էլ կոալիցիա կազմելու մասին որոշում ընդունենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

Այս պահին դեռ ո՛չ «Մայր Հայաստան» դաշինքից, ո՛չ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից պաշտոնական պատասխան չկա։