Հայկ Մարությանն արձագանքել է կոալիցիա կազմելու հնարավորությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկը (տեսանյութ)
Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ընդդիմադիր ուժերը միասին ունեն 41 մանդատ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ ներկայացնելով հետագա քայլերի իրենց առաջարկները։
Մարությանի խոսով՝ ինքն ու իր թիմը մշտապես գործել են բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել իրենց բոլոր առաջարկներն ու լուծումները, ուստի այս անգամ ևս որոշել են այդպես անել։ Նա հայտնեց, որ քիչ առաջ տեղի է ունեցել իրենց նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որն էլ իրենք ուզում են հրապարակայնացնել։
«Քանի որ 4 ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ, իսկ մեր ուժը քվեարկության շնորհիվ ընդդիմադիրների շարքում առաջին տեղում է, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքն իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։
Նրա խոսքով՝ սա միայն առաջին տարբերակն է, իսկ երկրորդ տարբերակով, եթե ընդդիմադիր ուժերը համաձայն չեն առաջարկված առաջին տարբերակին, ապա իրենք կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների և որոշումը թողնել ժողովրդին։
Հրապարակված տեսանյութին կից Մարությանը գրել է, որ վերահաստատում է իրենց դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառելու հետ կապված։
Նա նշել, որ այն, ինչի մասին հայտարարում է, հաստատվել է ԱԱԿ նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։










