Մենք կարող ենք օգնել Մարությանին դառնալ քաղաքապետ, եթե պարզվի, որ նա կիսում է մեր օրակարգը․ Անդրանիկ Թևանյան

16:28 • 18.09.23

Մենք կարող ենք ձայներով օգնել «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանին դառնալ քաղաքապետ, եթե պարզվի, որ նա կիսում է մեր օրակարգը՝ ամբողջական իշխանափոխության մասով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Մենք հայտարարել ենք՝ որևէ պաշտոնի չենք հավակնում։ Եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա, մենք որևէ վերահսկողական լծակ չենք վերցնի։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն տրամաբանությամբ, որ այդ ուժերը կիսեն մեր գաղափարները՝ իշխանափոխության հետ կապված։ Եթե այս մասով լինեն առաջարկներ, մենք քննարկումներ կանենք»,- ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ իրենք ունեն կոնկրետ սկզբունքներ, որով կարող են այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի իրենց հետ համագործակցելու, պետք է, բնականաբար, ՔՊ-ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի, ինչպես նաև կիսի ամբողջական իշխանափոխության իրենց ծրագիրը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

Հավելենք նաև, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել է, թե իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

 

Մենք կարող ենք օգնել Մարությանին դառնալ քաղաքապետ, եթե պարզվի, որ նա կիսում է մեր օրակարգը․ Անդրանիկ Թևանյան