Սա պետք է դառնա դեպի ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ բեռների մատակարարման մասին
Երկու մարդասիրական ավտոշարասյուն Լաչինի և Աղդամի (Ակնա) անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է առաջին քայլը դառնա դեպի անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիություն՝ համաձայն միջազգային իրավունքի և Միջազգային քրեական դատարանի որոշման: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
Հիշեցննեք՝ երեկ առավոտյան հաղորդվել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:










