Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանագետին

12:37 • 19.09.23

Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը միայնակ իրազեկման ակցիա է իրականացրել՝ տեղեկացնելով, որ իր նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որպեսզի ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին։

Նա իր հետ բերել էր մաշված աթոռ, որի վրա փակցված էր «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն» գրությամբ  պաստառ և կարմիր հետքեր։

Գառնիկ Դավթյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ է նշանակում այդ գրությունը։

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլ Փաշինյանի  վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը»,- հայտարարել է նա։

Այդ ընթացքում նրան մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և հայտնել, որ իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել, քանի որ այն մեր երկրի սիմվոլն է։

Այնուհետև ոստիկաններն ադրբեջանագետին բռնի ուժով հեռացրել են ակցիայի վայրից և բերման ենթարկել։

Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանագետին