Եթե Ադրբեջանի գործողությունը հակաшհաբեկչական է, ինչու են հայտարարում ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին, տարակուսելի է․ Նիկոլ Փաշինյան

16:44 • 19.09.23

Այսօր ժամը 13․00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի հրետակոծությունը և որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն՝ ԼՂ շփման գիծը խախտելու ու դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն նաև բնակավարեր վերահսկողության տակ առնելու  ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, իհարկե ԼՂ-ի հետ ուղիղ կապի մեջ ենք։ Ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այունհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել  ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։

Մեզ համար տարօրինակ ու տարակուեսելի էր այն տեղեկությունը, որ  Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե սա Ադրբեջանի վարկածն է։ Ուզում եմ սրա վրա ուշադրություն  հրավիրել։ Փաստն այն է, որ մենք, գոնե, այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել։ Ասել, որ այս իրադրությւոնը անկանկխատեսելի էր, չի կարելի։

Ինչպես նախորդիվ ասել եմ,  մենք տեսնում էինք իրադրության լարում ու այսօր ԱԳ նախարարի հայտարության մեջ  կար այդ ընդգծումը, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում  տեղի ունեցած հանդիպումը  դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստությունն էր ու փաստորեն դա արդարացվեց»,- ասաց Փաշինյանը։

Նա  նշեց, որ հրավիրվել է ընդլայնված ԱԽ նիստ՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ ու քննարկվել է ստեղծված իրավիճակը։

«Արձանագրել ենք, որ այսպիսով Ադրբեջանը  մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու  ցամաքային օպերացիան և, ինչպես արդեն ԱԳ նախարարության հայտարարության մեջ  մեջ նշված է՝ մենք կարծում ենք, որ առաջինը՝ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն  և երկրորդը՝ ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես միջոցներ ձեռնարկի։

Այս ընթացքում ցավոք արդեն կան մեկնաբանություններ, որոնք փորձ են անում  այս տեղի ունեցող գործընթացը կապել ՀՀ-ի այս կամ այն որոշման հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել։ Մեր մշտական խնդիրը եղել և շարունակում է մնալ  ԼՂ հայության իրավունքների և անվտանգության  ապահովումը։ Դա է մշտապես եղել մեր օրակարգում։ Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար։

Սա էթնիկ զտումների ուղիղ  գործողություն է։ Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն  ու քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարվածներ  չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե Ադրբեջանի ասածը կապ ունենար իրականությնա հետ, հակառակը պետք է հորդորեին քաղաքացիներին  պատսպարվել, մնալ  ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել»,- ասաց Նիկոլ Փաշինայնը։

Վերջինս ընդգծեց նաև, որ Ադրբեջանի այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության մեկնարկը։

Եթե Ադրբեջանի գործողությունը հակաшհաբեկչական է, ինչու են հայտարարում ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին, տարակուսելի է․ Նիկոլ Փաշինյան