Այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ Նիկոլ Փաշինյան

17:12 • 19.09.23

Ուզում եմ իրադրությունը գնահատել ՀՀ-ի տեսակետից, նախ այս պահի դրությամբ  Հայաստանի սահմանների երկայնքով հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի ու էական փոփոխություն չունենք։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այսօր ժամը 13․00-ից Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սկսված լայնածավալ հարձակմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործողության հիմնական ու առանցքային թիրախը ու նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում իշխանությունների հետ կապ ունեցող, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում ՀՀ-ի ԶՈՒ ստորաբաժանումների ուղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք այս տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերները, որոնք ասում են՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։

Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ՀՀ-ն ԼՂ-ում  բանակ չունի։ Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել ներքին ու արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, դա տեսանելի է։ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու  փորձերը մեզ համար  անընդունելի են ու մենք կառավարելու ենք այս գործընթացները»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ թույլ չեն տալու  որոշ արտաքին ու նաև ներքին ուժերի՝ ՀՀ պետական շահը հարվածի տակ դնել։

«Ինչպես և սպասվում էր, տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Պետությունը այս պարագայում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Իհարկե  այս իրավիճակում շատ մեծ բան է կախած ՀՀ քաղաքացիներից, ժողովրդից, որոնք իմ խորը համոզմամբ, պետք է սթափ, սառը վերաբերվեն  ստեղծված իրավիճակին ՝ ինչքան էլ դա դժվար է։ Մենք այս պահին որևէ չհաշվարկված կտրուկ, արկածախնդրային  գործողություն չպետք է իրականացնենք։ Հասկանում եմ, որ կա նաև տեղեկատվության որոշ պակաս, ինչը պայմանավորված է նրա հետ, որ հրետանային հարվածների հետևանքով կապի հանգույցներ են վնասված։

Կրկին հորդորում եմ չտրվել  սարդրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ՀՀ ժողովուրդը պատշաճ կարգով  տեղեկացված լինի բոլոր իրադարձություններից։  Կարևոր է, որ ՀՀ-ում լիրաժեք կարգով գործի իրավակարգը, պահպանվի կայունությունը։  Իրավակարգի ու կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը,  որ գործում են ընդդեմ ՀՀ-ի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասց Նիկոլ Փաշինյանը։

Այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ Նիկոլ Փաշինյան