Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է:
Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Որոշ ժամանակ անց ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին:
«Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։










