Ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հրապարակած տեքստի ձևակերպմանը որևէ կերպ չի մասնակցել և բանակցությունների կողմ չի եղել։
Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բայց այդ տեքստի հետ կապված Նիկոլ Փաշինյանը մի քանի վերապահումներ հայտնեց։
Նա նշեց, որ տեքստում հիշատակվում է ՀՀ Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին միտքը։ Այս փաստն, ըստ Փաշինյանի, իրենց համար հասկանալի չէ, բազմիցս ասել են, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։
«ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- նշեց նա։
Նա նշեց, որ խաղաղապահները ամբողջությամբ ընդունել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ զորախումբը կկատարի իր պարտականությունները։
«Ըստ իմ վերջին տեղեկատվության, ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չեմ կարող ասել, որ զրոյացել է։
Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։ Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը»,- եզրափակեց վարչապետը։
Հիշեցնենք, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների, զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման, «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման՝ դրանք արագ վերացնելու նպատակով։
Իսկ վաղը Եվլախում կհանդիպեն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները, կքննարկվեն ԼՂ հայերի անվտանգության ապահովման հարցերը։










