Ընդդիմությունը ստեղծում է Ազգային կոմիտե՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով. ԱԺ-ում կմեկնարկի իմպիչմենտի գործընթաց
Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ երկու հարցում ձեռք է բերվել փոխըմբռնում և կա որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը ռաջնորդելու համար պետք է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամենի համար, կառաջնորդի ժողովրդին և պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին:
«Դա կկոչվի Ազգային կոմիտե: Երկրորդը, մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը: Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաև ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացից: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորված ծրագիրը պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր»,-ասաց նա:










