Կարևոր է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ

17:11 • 20.09.23

Եվրամիությունը «շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին». այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ ՊետերՍտանոն, փոխանցում է euneighbourseast.eu կայքը։

«Եվրամիությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակին: Անդամ երկրներն այս համատեքստում հաջորդիվ քայլերը կորոշեն՝ հետևելով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում տեղում», - ասել է Ստանոն:

Նա հավելել է, որ «կարևոր է նաև շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը» և ասել, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել հայտարարությունը, որ նման հանդիպում պետք է տեղի ունենա սեպտեմբերի 21-ին։

«Մենք նաև ակնկալում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ներկայիս ռազմական գործողությունները», - ասել է նա:

Այսօր հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Հաղորդվել է նաև, որ վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները:

Կարևոր է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ