Գրիչի ծայրով ո՞նց եք մեր հողը նվիրում թուրքերին․ բողոքի ակցիա՝ կառավարության մոտ
Քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրան Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։
Ակցիայի մասնակիցներից արցախցի մի կին հայտարարեց, որ մինչև հիմա Արցախում գտնվող իր երեխաներից տեղեկություն չունի։
«Երեխեքիցս նորություն չունեմ, հորիցս, մորիցս: Մարտակերտի Առաջաձորից ենք: Հորս երկու ոտքը չկա, 1992 թվի պատերազմից վիրավոր է, նա ո՞նց պետք է փախչի: Վաղը նույն վիճակում նաև երևանցիներն են հայտնվելու, բայց երևանցիներ, ամոթ ձեզ, ես ձեզ նման չեմ, ես էլի գալու եմ Սյունիքի համար եմ կանգնելու, Երևանի համար էլի գալու եմ»,- վրդովվեց արցախցին։
Մարտակերտի Մաղավուզ գյուղի բնակիչն էլ հայտնեց, որ Արցախում գտնվող իր ընկերուհու 3 երեխաները վիրավոր են, բայց անգամ վիրակապ չկա նրանց օգնություն ցուցաբերելու համար։
«Լիքը հերոս տղաների ենք կորցրել։ Գրիչի ծայրով ո՞նց եք մեր հողն այնդքան հեշտությամբ նվիրում թուրքերին։ Լավ, գոնե մեր երեխաներին փրկենք»,- ասաց նա։
Երևանցիներից էլ, ակցիայի մասնակից Հայկ Մկրտչյանը համախմբման կոչով դիմեց Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին։
«Կոչս ուղղում են երիտասարդությանը, որ տանը չնստեն, ֆեյսբուքով և սոցցանցերով չհետևեն տեղի ունեցող իրադարձություններին։ Բոլորս պետք է գանք կանգնենք այստեղ, սա մեր պետության, մեր ազգի հարցն է»,- ասաց քաղաքացին։










