Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար

12:30 • 22.09.23

Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի երկարաժամկետ խաղաղություն. այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Milliyet թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիան, որը Բաքուն ներկայացրել է իբրև թե «տեղային հակաահաբեկչական գործողություն» և դրանից հետո Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը, Եվլախում երկու կողմի բանակցությունները:

«Եթե Հայաստանը բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, և երկար սպասված խաղաղությունն ու հանգստությունը կգան տարածաշրջան»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
 

Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար