Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել. վարչապետի խոսնակն արձագանքել է
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:
«Երկրի» հարցին ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել.
«Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:
Հույսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»:
Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Իշխանյանին՝ պատասխանելով. «Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ և/կամ միջոցով»:










