Եթե ԼՂ ժողովուրդը ստիպված լինի հեռանալ, դրա պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ զորшկազմի վրա. Փաշինյան

13:12 • 24.09.23

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առջև, եթե նրա համար պատշաճ պայմաններ չստեղծվեն, նա ստիպված կլինի հեռանալ, և դրա պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ զորակազմի վրա: Այսդ մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում:

Փաշինյանն ընդգծել է, որ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:

«Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ 2021-ի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի և Հին Թաղերի գրավումը, 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության նպատակների և մոտիվների մասին», - ասել է նա:

Եթե ԼՂ ժողովուրդը ստիպված լինի հեռանալ, դրա պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ զորшկազմի վրա. Փաշինյան