Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրող

21:44 • 25.09.23

Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող, Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը։

«Ապոկալիպսիս բաց երկնքի տակ:

Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Հրավիրում ենք տուն, որ վերքերն ու այրվածքները մշակենք, չեն գալիս, ասում են` մեր վիճակը մյուսների համեմատ գերազանց է», - գրել է նա։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։
 
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրող