62 տարեկանում կյանքից հեռացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մատեո Դենարոն
Սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոն, որը ձերբակալվել էր 2023 թվականի հունվարին, մահացել է 62 տարեկանում Լ'Աքվիլայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է ANSA գործակալությունը:
Բժիշկները սեպտեմբերի 22-ին արձանագրել էին Դենարոյի ուղեղի մահը։ Նա կոմայի մեջ է ընկել հաստ աղիքի քաղցկեղի պատճառով։
Գործակալության տվյալներով՝ վերջին վիրահատությունից հետո մաֆիայի պարագլուխը բուժվել է ցավազրկողներով ու հանգստացնող միջոցներով։ Նախքան կոմայի մեջ ընկնելը Դենարոն հանդիպել է իր ընտանիքի որոշ անդամների հետ։
Մատեո Մեսինա Դենարոն ծնվել է 1962 թվականի ապրիլի 26-ին Սիցիլիայում։ Նա սկսել է իր հանցավոր կարիերան որպես Դ'Ալի ընտանիքի զինված պահակ։ Ի երախտագիտություն նրա լավ աշխատանքի համար՝ ընտանիքը Դենարոյին կալվածք է տվել։ 2001 թվականին Անտոնիո Դ'Ալին դարձել է Իտալիայի ներքին գործերի փոխնախարար՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով, ինչը թույլ տվեց ապագա մաֆիայի ղեկավարին կապեր ձեռք բերել քաղաքական շրջանակներում։
Ընդհանուր առմամբ, Դենարոն սպանել է 50 մարդու։ Դենարոն, մասնավորապես, մասնակցել է 1992 թվականին Սիցիլիայում մաֆիայի դեմ պայքարող գլխավոր մարտիկների՝ մագիստրատ դատավորներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանություններին։
1993 թվականի ամառվանից Դենարոն թաքնվում էր ոստիկանությունից։ 2006 թվականի ապրիլին նա դարձավ սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության առաջնորդներից մեկը։ Նա ձերբակալվել է Իտալիայի հետախուզական ծառայությունների հատուկ գործողության ժամանակ 2023 թվականի հունվարի 16-ին Պալերմոյի մասնավոր կլինիկայում։










