Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են (տեսանյութեր, լուսանկարներ)

08:38 • 25.09.23

Վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Առավոտյան ժամը 07։45-ի դրությամբ Երևանի Սարյան փողոցն արդեն փակ էր։ Փակ է նաև Ռուբինյանց փողոցն ու Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, ինչպես նաև Բարեկամության մետրոյի խաչմերուկը՝ բոլոր ուղղություններով։

Երիտասարդական մետրոյի հատվածից արգելափակված է Աբովյան փողոցով մեքենաների երթևեկությունը։ Բացի այդ երթևեկությունն արգելափակված է նաև Կիևյան կամուրջի սկզբնամասում, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ և Կոմիտասի Սուրբ խաչ եկեղեցու մոտ։

Այս ամենի ֆոնին Հանրապետության հրապարակում ոստիկանությունն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատվածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։

Անհնազանդության ակցիաներից տեսանյութերն ու լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են։
 
«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության  հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասել էր Մանուկյանը։

Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են (տեսանյութեր, լուսանկարներ)